Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ խոսեց Քոչարյանը

Ինչո՞ւ խոսեց Քոչարյանը
30.12.2013 | 15:35

Տևական ընդմիջումից հետո իր ոչ պաշտոնական կայքին հարցազրույց է տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայ-ռուսական գազային պայմանագրի, ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին չասելով որևէ խոսք, չանելով որևէ դիտարկում (կարծես վերջին ամիսներին նման բաներ չեն եղել, դրանց դեմ բողոքի ակցիաներ չեն կազմակերպվել, և Հայաստանի համար էլ դրանք շատ երկրորդական խնդիրներ են)՝ Ռոբերտ Քոչարյանը կենտրոնացել է շինարարության ծավալների նվազման վրա, իր մտահոգությունն արտահայտել առ այն, որ արտագաղթի տեմպերն աճել են, երկրում խորացել է ապատիան, իսկ արտագաղթի տրամադրված մարդն իր երկրում չի մտածում անշարժ գույք ձեռք բերելու մասին: Հարցազրույցից այն տպավորությունն ես ստանում, որ մտահոգություններ արտահայտողը ոչ թե տասը տարի շարունակ զբաղեցրել է երկրի նախագահի պատասխանատու պաշտոնը, այլ ակտիվորեն ներգրավված է եղել բնակշինարարության բիզնեսում և հիմա իր մտավախությունն է հայտնում այդ ոլորտում հնարավոր կորուստների առնչությամբ: Այս ամենում նա, իհարկե, մեղադրում է միայն վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ ահա Սերժ Սարգսյանի մասին՝ ոչ մի խոսք: Քոչարյանը մեղադրում է վարչապետին, համարում, որ վերջինս ապրում է բանականության և բարոյականության դեգրադացիա, փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ մեղքը գցելով իր և Անդրանիկ Մարգարյանի կառավարության վրա: Քոչարյանի հետևությունն այն է, որ թերարժեք վարչապետը ճոխություն է երկրի համար: Եվ ի՞նչ: Ուղերձ առ այն, որ պետք է փոխել վարչապետին, և ամեն ինչ երկրում իր տեղը կընկնի: Ինչ խոսք, ոչ ոք չի էլ կասկածում, որ Ռոբերտ Քոչարյանը փայփայում է իր նախկին կարգավիճակին վերադառնալու, այն է՝ երկրի նախագահի աթոռը երրորդ անգամ զավթելու հույսը: Եվ, որպես դրան հասնելու ուղիղ ճանապարհ, տեսնում է վարչապետի աթոռին տիրանալը, քանզի այդպես արդեն եղել է մեկ անգամ: Դե, իսկ վարչապետի աթոռից նախագահի աթոռին ցատկ կատարելը Ռոբերտ Քոչարյանի համար ընդամենը տեխնիկայի հարց է: Քոչարյանը, սակայն, անտեսում է այն հարցը, թե կհաջողվի՞ «նույն գետը մտնել» երկրորդ անգամ, եթե նկատի ունենանք, որ այսօր ինքը ոչ թե Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահի պաշտոնը թողած, Հայաստան եկած վարչապետ է, այլ Մարտի 1-ի ծանր բեռով հեռացած նախկին պաշտոնյա, ում գործունեության առանձին դրվագներին ժամանակ առ ժամանակ անդրադառնում են անգամ ռուսական լրատվամիջոցները:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ